ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հերքել է այն լուրերը, թե ինքն «ամենահարուստ մարդն է աշխարհում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չունեմ այն հարստությունը, որի մասին խոսվում է»,-պատասխանել է ՌԴ ղեկավարը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը նաև անհեթեթություն է որակել այն տեղեկությունները, որ ինքը բանկային հաշիվներ ունի Կիպրոսում:
«Չեմ կարծում, որ հարստությունը մեծ երջանկություն է: Ճգնաժամի պայմաններում դուք ստիպված կլինեիք մտածել, թե ինչ անել ակտիվների հետ, ինչպես դրանք պահպանել, որտեղ տեղադրել. դա միայն գլխացավանք է: Դուք ունեք սեփական կարծիք, տաղանդ, այն արտահայտելու ու ձեզնից հետո ինչ-որ բան թողնելու հնարավորություն: Փողերն այդպիսի երջանկություն չեն պարգևում: Դագաղում գրպաններ չկան, փողերդ հետդ չես տանի»,-ասել է Պուտինը: