Թուրքիայում բնակվող ալևի Հասան Դվինը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին է փոխանցում մի հայելի, որը 102 տարի առաջ հայտնվել է նրա պապի մոտ։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն ու Հասան Դվինը պատմեցին «հայկական հայելու» պատմությունը։
«1915 թվականին տեղահանված հայերի ընտանիքներից մեկը Հասանի պապին է հանձնել իր ունեցվածքը՝ ասելով, որ եթե վերադառնան, կվերցնեն, եթե ոչ, ապա «հալալ» թող լինի իրենց», – պատմում է Հացպանյանը։
Դվինը դեռ մանուկ հասակից իմացել է, որ իրենց տանը պահպանվում են իրեր, որոնք պատկանում են հայերին: Անցյալ դարի կեսերին իրերը բաժանվել են ընտանիքի անդամների միջև, իսկ Հասանի սիրելի իրը` փայտե շրջանակով հասարակ հայելին, մնացել է նրա մոտ:
«Այս հայելին դրված էր մեր տանը։ Բոլոր հյուրերին մենք պատմում էինք դրա պատմությունը։ Երբեմն ամենատարբեր ազգության տեր մարդիկ արտասվում էին։ Սա խղճի խնդիր է, և ինչպես Վիկտոր Հյուգոն է ասել, խիղճը մարդու մեջ Աստվածն է», – ասաց Հասան Դվինը։