Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսել, որոնց մասնակցում են 23 հազար զինծառայող, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։
Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում է.
«Համաձայն նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի՝ սկսած հունիսի 19-ից կանցկացվեն լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ զորքերի մարտական պատրաստության, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպման, մարտականին մոտ պայմաններում նրանց փոխգործակցության ստուգման նպատակով»։
Զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։