«Երկրպագուների մեջ դժգոհություն առաջացավ, քանի որ մրցավարը սխալ որոշմամբ էր միավորներ տալիս Արթուրի մրցակցին»,- Թբիլիսիում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
«Ամբողջ գոտեմարտի ընթացքում Արթուրը ակտիվ էր գործում, իսկ մրցավարն անարդար կերպով միավոր էր տալիս վրացի մրցակցին: Սա առաջացրեց երկրպագուների դժգոհությունն, ինչից էլ սկսվեց միջադեպը:
Այդ ժամանակ մրցավարը գոտեմարտը դադարեցրեց: Հաշիվը 2:1 էր վրացու օգտին: Ես համոզված էի, որ Արթուրը 44 վայրկյանում կարող էր հաղթական միավոր վաստակել:
Սակայն, երկրպագուները սկսեցին հրմշտել Գևորգ Ալեքսանյանին: Արթուրը, ինչպես նորմալ հայ տղամարդ, չէր կարող անտարբեր մնալ: Բայց, բարեբախտաբար կարողացավ զսպել իրեն: Նա գորգից իջավ և երկրպագուներին պարզապես խնդրեց հանգստանալ, որ կարողանան շարունակել գոտեմարտը: Արթուրը ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել:
Գորգից դուրս գալն օրենքի խախտում է, բայց դրան կարելի է տարբեր գնահատականներ տալ: Մրցավարը Արթուրին նկատողություն տվեց, իսկ մրցակցին` երկու միավոր: Հետո ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) տեսուչը գոտեմարտում պարտություն գրանցեց Արթուրի հաշվին և նրան որակազրկեց այդ մրցաշարից:
Դիմել ենք ըմբշամարտի համաշխարհային միությանը, որ նման մոտեցումը տհաճ է: Երկրպագուները մրցավարների անարդարության պատճառով են բորբոքվել: Խնդրել ենք քայլեր ձեռնարկել, որ մրցավարները գոտեմարտերի ընթացքում իրենց տեղում լինեն և ճիշտ կատարեն իրենց աշխատանքը»,- նշեց Լևոն Ջուլֆալակյանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը լրագրողներին հայտնեց, որ ֆեդերացիան քայլեր է ձեռնարկել միջադեպի հետ կապված.
«Այս հարցը քննարկել ենք ֆեդերացիայում: Բողոքարկել ենք, նամակ ուղղել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, որ հարցը վերանայեն: Իրավունք չկար գոտեմարտում պարտություն տալ Արթուրին և որակազրկել տվյալ մրցաշարից»,- ասաց Արայիկ Բաղդադյանը: