Լոնդոնում մի խումբ ուսանողներ դրամահավաք են սկսել Լոնդոնի Grenfell Tower-ում ապրող իրենց դասախոսին օգնելու համար, ով հրդեհի պատճառով կորցրել է ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ PhD-ի հետազոտությունը, հաղորդում է croydonadvertiser.co.uk կայքը:
University Centre Croydon համալսարանի քրեագիտության դասախոս Մեսրոպ Քասեմջյանն, ում ուսանողները Ռոբբի են անվանում, ընկերուհու և տարեց հորաքրոջ հետ կարողացել է փախչել 17-րդ հարկում գտնվող իր բնակարանից մինչ հրդեհը կտարածվեր ամբողջ շենքով:
Այժմ նրա ուսանողները փորձում են 1500 ֆունտ ստերլինգ հավաքել վերականգնելու համար հրդեհի հետևանքով կորցրած նրա գրքերը, համակարգիչը, դասավանդելու նյութերը ու PhD-ի հետազոտության համար օգտագործվող այլ սարքավորումները:
Ավելի վաղ հայ դասախոսը ամերիկյան Today հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է շենքն «այրվել մոմի պես»:
«Ես դուրս եկա ստուգելու վերելակները, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում: Ամեն ինչ հանգիստ էր, բայց ես ծխի հոտ զգացի: Ներս մտա ու պատուհանից դուրս նայեցի, ներքևում տեսա դուրս եկող կրակը: Ես արագ արթնացրի հորաքրոջս ու ընկերուհուս օգնությամբ իջանք ներքև:
Երբ դուրս եկանք, շենքը սկսեց մոմի պես այրվել: Մենք դրսում էինք և վերև էինք նայում ու տեսնում, թե ներսի մարդիկ ինչպես են մեզ ձեռքով թափահարում: Մենք նրանց ասում էինք, որ իջնեն, բայց նրանք նորից էին թափահարում. ենթադրում եմ, որ այդ ընթացքում ծուխը խտացել էր աստիճանավանդակում, և նրանք վախենում էին իջնելիս խեղդվել»: