Նոր սկիզբ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս: Այն փաստը, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում դրական միտումներ են նկատվում, պարզ դարձավ Էրդողանի Բրյուսել կատարած այցից հետո, որտեղ համաձայնեցվեց հարաբերությունների վերականգնմանն ուղղված մեկ տարվա գործողությունների ծրագիր:
Հաշվի առնելով կողմերի փոխադարձ հետաքրքրություններն ու այն հանգամանքը, որ հարաբերությունների վատթարացումը սահմանափակվում էր փոխադարձ մեղադրանքների մակարդակով, և չթևակոխեց կոնկրետ գործողությունների փուլ, ապա ձեռք բերված պայմանավորվածությունը բնավ անակնկալ չէր: Ավելին՝ բավական կանխատեսելի էր, որ զարգացումները կարող են գնալ հենց այդ ուղղությամբ: Թուրքիան արդեն վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակելու ԵՄ անդամ պետություն դառնալու բանակցությունները՝ չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, թե պետք է հանրաքվե անցկացնել այդ հարցի վերաբերյալ:
«Թուրքիան ցանկանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները շարունակել, և թարմացնել Մաքսային Առևտրի գործարքը», - հայտարարել է Յըլդըրըմը, ավելացնելով. «Ցավոք, ԵՄ-ն որդեգրել էր բացասական վերաբերմունք 2016 թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքների և սահմանադրական փոփոխության գործընթացի հանդեպ: Բայց այդ ամենը հետևում է»:
Իսկ ի՞նչը կարող էր առաջացնել դիրքորոշման նման փոփոխություն և ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչ մնաց հետևում: Իհարկե, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը չի փոխվել դրական ուղղությամբ, ընդհակառակը` հետապնդումները, ձերբակալությունները, ազատ խոսքի իրավունքի խախտումներն ու ազատության սահմանափակումներն էլ ավելի են ուժեղացել:
Բացի այդ, Թուրքիան դարձել է նախագահական երկիր, որտեղ ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու` Էրդողանի ձեռքերում:
Այսպիսով, պետք է փաստել, որ ոչինչ էլ չի փոխվել, պարզապես Էրդողանը կրկին կարողացել է շեղել ԵՄ ուշադրությունը Թուրքիայի ներքին զարգացումներից, ինչպես նաև կարողացել է գտնել ԵՄ թույլ կողմերը (միգրանտների խնդիրը ԵՄ-ում), որոնց հետ կարող է «խաղալ» և քաղել օգուտներ: