ԱՄՆ-ում մահացել է 23-ամյա ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիրը, ով Հյուսիսային Կորեայի բանտում անցկացրել էր 15 ամիս։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ Ուորմբիրի ընտանիքին հղումով։
Ուսանողին ԱՄՆ էին տեղափոխել կոմայի վիճակում հունիսի 13-ին և տեղավորել Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի հիվանդանոցում։
Ուորմբիրը Հյուսիսային Կորեա էր մեկնել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Պեկինից՝ զբոսաշրջային խմբի կազմում։ Ուղևորության ավարտին նա ձերբակալվել էր՝ հյուրանոցից քարոզչական ցուցանակ գողանալու փորձի համար։ Բեմադրված մամլո ասուլիսի ժամանակ նա ասել էր, որ «գործել է ԱՄՆ իշխանությունների լուռ համաձայնությամբ՝ վնաս հասցնելու հյուսիսկորեացի ժողովրդի աշխատանքային էթիկային»։
Մարտին Փխենյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել պետական հանցագործության մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
15 ամիս բանտարկության մեջ անցկացնելով՝ նա վերադարձել էր ԱՄՆ կոմայի վիճակում։ Ինչպես հայտարարել են հյուսիսկորեական իշխանությունները, իրենք բանտարկյալին ազատ են արձակել մարդասիրական նկատառումներով։