Վրաստանում գնդապետ Բեսիք Քութատելաձեի անվան դպրոցում մեկնարկել է Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՄՆ-ի, Լիտվայի և Լեհաստանի զինծառայողների լեռնային պատրաստության դասընթացը: Այս մասին հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է «Գրուզիա Online»-ը։
Ամառային դասընթացին ներգրավված է 25 զինծառայող, այդ թվում՝ Վրաստանից։ Բազային դասընթացը կավարտվի հուլիսի 7-ին։
Երեք շաբաթում զինծառայողները կտիրապետեն բազում լեռնային հմտությունների. նրանք կկարողանան լեռնային տեղանքում օգտագործել տեխնիկական տվյալները, կողմնորոշվել տեղանքում, քարտեզին գծել երթուղին, կողմնացույցի, քարտեզի օգնությամբ տեղաշարժվել լեռնային տեղանքում և այլն։
Նրանք նաև կսովորեն առաջին բժշկական օգնություն ցուցաբերել, տարհանում կազմակերպել, արհեստական ու բնական լեռներ բարձրանալ։
Դասընթացի ավարտից հետո 7 երկրների զինծառայողները քննություն կհանձնեն: