Հրշեջները, որոնց հաջողվել է մարել Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ շենքում բռնկված խոշոր հրդեհը, 1 րոպե լռությամբ այրված շենքի մոտ հարգել են զոհերի հիշատակը՝ չկարողանալով զսպել արցունքները:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը՝ Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչ Ստյուարտ Քանդին լրագրողների հետ զրույցում նշել է, որ «սարսափելի իրականությունն» այն է, որ հնարավոր չէ հաստատել բոլոր զոհվածների անձը:
«Իմ պաշտոնավարման ընթացքում տարբեր քրեական հանցագործություններ եմ քննել, որոնց ժամանակ սարսափելի երևույթներ եմ տեսել: Սակայն չեմ կարող նկարագրել զգացողություններս, երբ այս շենքի ներսում էի: Նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ են զգացել հրդեհի ժամանակ շենքում թակարդված մարդիկ », - ասել է ոստիկանության ներկայացուցիչը` հավելելով, որ չափազանց ծանր է շենքում աշխատելը:
Նշենք, որ հրդեհը, որը բռնկվել էր բնակիչներից մեկի սառնարանի շարժիչի անսարքության պատճառով, խլել է առնվազն 79 մարդու կյանք: