Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել է երկրի իրավապահ մարմիններին՝ բողոքելով Իսրայելում աշխատող ատամնաբույժներից, ովքեր բժշկական կրթություն են ստացել Հայաստանում:
Ինչպես հայտնում է The Marker պարբերականը, խոսքը Իսրայելում արաբական հատվածի հաստատություններում աշխատող բժիշկների մասին է:
Բողոքում նշված է, որ Իսրայելում հսկայական թվով գործակալներ կան, ովքեր այդ երկրի ուսումնական հաստատություններում քննությունները տապալած ուսանողներին առաջարկում են Հայաստանում կրթության մասին դիպլոմ ստանալ: Ծառայությունների ենթադրյալ փաթեթն արժե 10 հազար եվրո և ներառում է Հայաստանում բնակության և տեղական համալսարանում գրանցվելու ծախսերը:
Հայաստան ժամանելով՝ իսրայելցի գործակալի միջնորդն ուսանողին օգնում է համալսարան ընդունվել: Առանձնակի նշվում է, որ Հայաստանում իսրայելցի ուսանողների ավելի վաղ ստացած գիտելիքները չեն ստուգվում, նրանք միանգամից հաշվառվում են երկրորդ-երրորդ կուրսեր: Ուսման ավարտին նրանք ատամնաբույժի դիպլոմ են ստանում:
Ավելի ուշ նույն գործակալներն ուսանողներին օգնում են որոշակի գումարի դիմաց Իսրայելում հայկական դիպլոմներով արտոնագիր ստանալ, ինչը նրանց հնարավորություն է տալիս բժշկական գործունեություն ծավալել: