Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Ղուկասյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ

11:47     22 հունիսի, 2017

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Արկադի Արշավիրի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

Ձեր ամբողջ կյանքն ու անցած ուղին հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, ինչի շնորհիվ էլ արժանացել եք «Արցախի հերոս» բարձր կոչմանը:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Այսօր էլ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները Դուք օգտագործում եք ի նպաստ մեր պետության և ժողովրդի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության ընթացքում»:


© armedia.am