Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ ՊՆ կենտրոնական արխիվի գաղտնազերծած ֆոնդերում պահված և Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերը ներկայացնող բացառիկ փաստաթղթեր: Այդ մասին փոխանցում է Sputnik Արմենիա-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Նախկինում երբեք չհրապարակված փաստաթղթերն ընդհանուր առմամբ ավելի քան 100 էջ են, որոնցում ներկայացված են զորահրամանատարների, այդ թվում` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գաղտնազերծած հուշերը։
Փաստաթղթերում տեղեկություններ կան «1941 թվականի պետական սահմանի պաշտպանության ծրագրով» Մերձբալթյան, Կիևյան և Բելառուսական հատուկ ռազմական օկրուգների զորքերի ամրակայման ընթացքի մասին, դրանք տվյալներ են պարունակում պատերազմի սկզբին պետական սահմանային պաշտպանական գծի պատրաստվածության աստիճանի մասին։