Շոկոլադ արտադրող ֆրանսիական Chocolaterie d’Aiguebelle գործարանը, որը գործել է Լա-Տրապ վանքին կից, մտածել է այդ ժամանակվա համար եզակի մարկետինգային հնարք. սկսել է կոնֆետների տուփեր թողարկել տարբեր կոլեկցիոնային բացիկներով, հայտնում է Artsakhpress-ը։
Ի սկզբանե նպատակը եղել է արտադրանքի վաճառքի մեծացումը: Ենթադրվում էր, որ գնորդը ձեռք կբերի կոնֆետներն այն բանի համար, որպեսզի ունենա բացիկների ամբողջական հավաքածուն։ Սակայն տարիներ անց գործարանը, որն ավելի վաղ իր գնորդներին ուրախացնում էր հայտնի անձանց դիմանկարներով, կենդանիներով ու բնապակերներով, ցնցեց ողջ աշխարհը։
1899 թվականին Chocolaterie d’Aiguebelle-ն թողարկել է բացիկների հավաքածու՝ «Հայերի կոտորածը» անվանումով, որը պատմում էր 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին։ Շարքը ներառել է 14 արյունոտ բացիկ և դրանցից յուրաքնաչյուրի մեկնաբանությունը։ Բացիկներում պատկերված են եղել թուրքերի կողմից հետապնդվող և ծովը նետվող հայերը, քրդերի կողմից հետապնդվող հայերը, ստրկության վաճառված հայերը։
«Հայերի կոտորած» սերիան ներառել է իր մեջ ոչ միայն հայերի, այլև ընդհանուր առմամբ քրիստոնյաների հալածանքների պատկերներ։ Հավաքածուի համար, որն աշխարհին իրազեկել է այն տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցողի մասին, շոկոլադի գործարանը Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ պարգևատրվել է բարձրագույն մեդալով։