ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Կատարն ու արաբական 4 երկրները, որոնք պահանջներ են առաջադրել նրան, պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ՝ համաձայնության հասնելու համար։ «Երկրներից յուրաքանչյուրի համար հաջորդ արդյունավետ քայլը կլինի միասին հավաքվելն ու զրույցը շարունակելը», - նշել է նա։
Հիշեցնենք, հունիսի 23-ին Պարսից ծոցի ճգնաժամում միջնորդի դեր ստանձնած Քուվեյթը Դոհային է հանձնել արաբական չորս պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի պահանջների՝ 13 կետից բաղկացած ցանկը` Կատարի հետ դիվանագիտական հարաբերություններերը վերականգնելու համար: Արաբական երկրները Կատարից, մասնավորապես, պահանջում են խզել հարաբերություններն Իրանի հետ, փակել Կատարում Թուրքիայի ռազմաբազան և դադարեցնել վերջինիս հետ ռազմական ցանկացած համագործակցություն Կատարի տարածքում, դադարեցնել ցանկի հեղինակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ահաբեկչական ցուցակում ընդգրկված կազմակերպություններին հովանավորչությունը, հրաժարվել ցանկի հեղինակ երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականությունից, վերջիններիս քաղաքացիներին կատարական քաղաքացիություն չտրամադրել, չհամագործացել արաբական այդ պետություններում ընդդիմադիր ուժերի հետ, փակել Al-Jazeera հեռուստաընկերությունը:
Այս պահանջները կատարելու համար Կատարին տրվել է 10 օր ժամանակ: Եթե Դոհան ընդունի այս պահանջները, պետք է թույլ տա այդ երկրներին առաջին տաս տարվա ընթացքում ստուգելու դրանց իրականացման ընթացքը. առաջին տարին ստուգումները պետք է իրականացվեն ամեն ամիս, երկրորդ տարին՝ եռամսյակը մեկ, իսկ հաջորդ տարիներին տարեկան մեկ անգամ:
Դոհայում արդեն հայտարարել են, որ այդ պահանջներն անընդունելի և անիրականանալի են: Արաբական երկրների պահանջներին նման գնահատական են տվել նաև Թուրքիան և Իրանը (այսօր Կատարի էմիրը հայտարարել է Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին՝ չնայած իրեն առաջադրված պահանջին):
Փորձագետները ևս կարծում են, որ Կատարին առաջադրված պահանջներն անիրատեսական են: «Դոհան պատրաստ է երկխոսության և նույնիսկ փոխզիջումների, սակայն պահանջների իրականացումն այն տեսքով, որով դրանք առաջադրվել են, անհնար է: Կատարի ղեկավարությունը, մասնավորապես, չի համաձայնի փակել Al Jazeera-ն, որը հանդիսանում է իր «փափուկ ուժի» ամենահզոր գործիքը», - կարծում է արաբագետ Լեոնիդ Իսաևը:
Արևմտյան որոշ փորձագետներ անիրատեսական են համարում նաև իսլամական շարժումներին հովանավորելուց հրաժարվելու պահանջը. «Մուսուլման եղբայրները» շատ երկրներում ահաբեկչական չեն համարվում: Ամերիկացի փորձագետ Էնդրյու Բոուենը կարծում է, որ Կատարին ներկայացված պահանջները ավելի շատ նման են բողոքի. «Դոհան դժվար թե համաձայնվի այդ պահանջներին»:
Բրուքինգսի ինստիտուտի փորձագետ Բրյուս Ռիդելի կարծիքով էլ այդ պահանջները նպատակ են հետապնդում Կատարը դարձնել արբայնակային, խամաճիկ պետություն Սաուդյան Արաբիայի համար: Նշենք, որ Կատարի տարածաշրջանային անկախ քաղաքականությունը բնավ դուր չի գալիս էր-Ռիադին, և վերջինս ամեն կերպ փորձում է զսպել Դոհայի հավակնությունները, ինչի դրսևորումն էր նաև 2014 թվականի ճգնաժամը:
Փորձագետները դժվարանում են ասել, թե ինչքան կտևի Կատարի և արաբական երկրների միջև ճգնաժամը՝ հաշվի առնելով նման անիրատեսական պահանջները:
Կատարական իշխանություններն արդեն հայտարարել են, որ նման շրջափակման պայմաններում պետությունը կարող է առանց խնդիրների երկար ժամանակ մնալ: Հաշվի առնելով Կատարի ֆինանսական հնարավորությունները՝ միգուցե շրջափակումը Դոհայի համար տնտեսական լուրջ խնդիրներ չստեղծի, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ եթե ճգնաժամը երկար շարունակվի, այն կարող է սպառնալ Կատարի ներքին կայունությանը:
Հիշենցնեք, Ծոցի երկրների մասնակցությամբ Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև նախորդ ճգնաժամը տևել է մոտ 9 ամիս՝ 2014 թվականի մարտից-նոյեմբեր: