Բրիտանական The Economist ամսագիրը հոդված է տպագրել Հայաստան ներգաղթած սիրիահայերի մասին:
Հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
Երբ 2011 թվականին Սիրիայում պատերազմ սկսվեց, երկրի հայկական համայնքի մի քանի հարուստ ընտանիքներ ուղևորվեցին Երևան, որտեղ շքեղ բնակարաններ վարձեցին քաղաքի Հյուսիսային պողոտայում: Ինչպես ոմանք կասեին՝ նրանք ասես հանգստյան մեկնած լինեին այդ ժամանակ:
Իշխանությունները նրանց տեղեր հատկացրին տեղական դպրոցում, որտեղ որպես փախստական փախած սիրիացի ուսուցիչները շարունակեցին դասավանդել երեխաներին սիրիական ծրագրով: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչ նրանք կհասկանային, որ հնարավոր է՝ իրենք այլևս երբեք տուն չգնան:
Սիրիայի վեցամյա պատերազմի պատճառով ավելի քան 5 միլիոն սիրիացի ապաստան է գտել այլ երկրներների սահմաններում: 2015-2016 թվականներին հարյուր հազարավոր սիրիացիներ անցնելով Բալկաններով, փորձել են ապահով ապաստան գտնել Եվրոպայում: Սիրիայի հայկական համայնքից քչերը, սակայն, ընտրեցին այդ ճանապարհը, փոխարենը՝ շատերը եկան Հայաստան: Հայաստանը, որի բնակչությունը նվազել է արտագաղթի հետևանքով, ուրախությամբ ընդունեց երկիր ժամանող սիրիահայերին: Նրանց մեծ մասը կրթված էր, պատկանում էր միջին դասի և ձեռնարկատեր էր:
Գրեթե բոլոր փախստականները հաստատվել են Երևանում՝ բացի գյուղատնտեսական տարածքներից մոտ 30 ընտանիքից, որոնք հաստատվեցին Լեռնային Ղարաբաղում: Որոշ երիտասարդներ, ովքեր կռվել են սիրիական բանակում, կամավոր գրանցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագծում ծառայելու համար:
Հալեպում ծնված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը The Economist-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկիր ժամանած փախստականներից շատերը փոքր բիզնես են սկսել երկրում:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր վերադարձել են Սիրիա, ապագա գրեթե չեն տեսնում այնտեղի համայնքի համար: Սիրիայում հայերը հավատարմորեն պաշտպանել են Բաշար ալ Ասադի վարչակազմը, որը պաշտպանել է նրանց մահմեդական ծայրահեղականների կողմից հետապնդումներից: