Թուրքիան կարող է ևս մի լայնամասշտաբ ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում, ինչպես նաև իր ազդեցության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները՝ այնտեղ քրդական պետության ձևավորում թույլ չտալու համար։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այժմ Սիրիայում բացասական գործընթացներ են տեղի ունենում, և եթե դրանք հանգեցնեն մեր սահմաններին վտանգի առաջացման, մենք կպատասխանենք այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ», - ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև ափսոսանք է հայտնել որ Անկարայի ռազմավարական գործընկերը՝ ԱՄՆ-ը, համագործակցում է քրդական ահաբեկչական կազմակերպությունների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և վերջինիս ռազմական թևի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հետ:
Հիշեցնենք, ԱՄՆ-ը զենք է մատակարարում սիրիացի քրդերին՝ ԻՊ դեմ պայքարելու համար: