Աշխարհում սկսել է տարածվել նոր համակարգչային վիրուս՝ Petya-ն, որն արգելափակում է Windows-ով աշխատող համակարգիչները: Հարձակումը սկսվել է Ուկրաինայից, այնուհետև ահազանգեր են ստացվել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, Լիտվայից և Միացյալ Նահանգներից:
Հաքերներն արգելափակում են համակարգիչները՝ պահանջելով ապաարգելափակման համար վճարել բիթքոինթներով: Նշվում է, որ սա 2017-ի մայիսին տարածված WannaCry-ից հետո երկրորդ ամենամասշտաբային կիբերհարձակումն է:
Ուկրաինայում հարձակումը սկսվել է ամենախոշոր էներգետիկ ընկերությունների համակարգիչների թիրախավորումով: Քիչ անց Ֆեյսբուքի իր էջում Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոն է գրառում թողել, որ հարձակման են ենթարկվել կառավարության բոլոր համակարգիչները: Հարձակման թիրախում է եղել նաև Կիևի գլխավոր «Բորիսպոլ» օդանավակայանը, բանկային համակարգը, մի շարք լրատվամիջոցներ, Չեռնոբիլի ատոմակայանը, չի գործում մայրաքաղաքի մետրոպոլիտենը:
Ռուսաստանում կիբերհարձակման ենթարկվելու մասին առաջինը հայտարարել է «Ռոսնեֆտ»ը: Ռուսաստանում տուժել են նաև մետալուրգական Evraz ընկերությունը և Home Credit բանկը: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այլ բանկեր ևս տուժել են: