ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի 2017-2020 թվականների զարգացման ծրագիրն ու ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիա-ն` ծրագիրը կքննարկվի ՀՀ գործադիրի հունիսի 29-ի նիստում:
Ծրագիրը ներկայացնում է Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը, պահպանմանը և տարածմանն ուղղված միջոցառումները, որոնք նախատեսված են 2017-2020 թվականների համար, ինչպես նաև կրում են շարունակական բնույթ:
Ծրագրում հակիրճ ներկայացված է նաև հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պատմությունը, ծրագրի իրականացման առավելությունները, մարզաձևի միջոցառումների անցկացման մեթոդաբանությունը և հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման պլանավորումը: