Հյուսիսային Կորեան հեռակա կարգով մահվան է դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահին

12:08     29 հունիսի, 2017

Հյուսիսային Կորեան հեռակա կարգով մահվան դատավճիռ է կայացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի և հարավկորեական հետախուզության ղեկավար Լի Բյոն Հոյի նկատմամբ:

Փհենյանը նրանց մեղադրում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ և Սեուլից պահանջում է, որ նրանց հանձնի Փհենյանին, հաղորդում է BBC-ն:

Մայիսի սկզբին Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ամերիկյան և հարավկորեական հետախուզությունների աջակցությամբ երկիր է ներթափանցել ահաբեկչական խմբավորում, որի նպատակ է կենսաքիմիական նյութերի միջոցով իրագործել հյուսիսկորեական առաջնորդի սպանությունը:

Հունիսի 26-ին ճապոնական թերթերից մեկը, անանուն աղբյուրի հղվելով, հայտնել էր, որ 2015 թվականին Պակ Կին Հեն հաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին տապալելու պլանը, որը պետք է իրականացներ հարավկորեական հետախուզությունը:


© armedia.am