Հայաստանի և Վրաստանի միջև չկան քաղաքական խնդիրներ ու բարդույթներ։ Այս մասին հունիսի 29-ին Երևանում անցկացվող գործարար համաժողովում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան՝ որպես ամենահեռանկարային համագործակցության ոլորտներ նշելով գյուղատնտեսությունը, կապն ու տրանսպորտը, զբոսաշրջությունը։
«Մենք պետք է կարողանանք օգտվել միմյանց հաջողություններից, որպեսզի համատեղ ուժերով ու համատեղ արտադրություններով կարողանանք դուրս գալ երրորդ երկրների շուկաներ»,- ասել է Գեորգի Գախարիան` հավելելով, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը մեծ ներուժ ունի։
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն՝ Վրաստանի նախարարը որպես համագործակցության խոստումնալից ոլորտ իր ելույթում հատուկ ընդգծել է ձկնաբուծությունը` նշելով, որ վրաստանյան այդ ոլորտի ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի իրենց գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ հայտնել է, որ վրացի գործընկերոջ հետ այսօր առավոտյան քննարկել են համագործակցության հեռանկարները` մասնավորապես` երրորդ երկրներից ներմուծվող ապրանքները միմյանց արտադրանքով փոխարինելու հնարավորությունը։
Նշվում է նաև, որ Տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների նախագահները ստորագրել են համագործակցության հուշագիր։