Բրիտանացի նկարչուհի Ֆեյ Հալիդեյը կենդանիների չափազանց բարդ և աներևակայելի դիմանկարներ է հեղինակում՝ ընդգծելով նրանց բացառիկությունը: Նա նկարում է կենդանիներին, ապա լուսանկարում դիմանկարը տարբեր բնապատկերների ֆոնին: Այս նպատակով նա ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ որպես ֆոն օգտագործելով տարբեր տեսարժան վայրեր:
Վարպետի նախագիծը ստացել է Haathi անվանումը, ինչը հինդի լեզվով նշանակում է «փիղ»: Ինչպես փոխանցում է Bored Panda-ն գաղափարը Հալիդեյի մոտ ծագել է հնդկական Ջայպուր քաղաքի Փղերի փառատոնին մասնակցելուց հետո, որտեղ հսկայական փղերը ներկվում են զանազան նախշերով: Այդ նույն հրաշալի նախշերն այժմ Հալիդեյի նկարների հիմքն են, որոնք տարբեր կենդանիներին վերածում են հիպնոզացնող, հեքիաթային էակների:
Նախագծի շրջանակներում Հալիդեյը եղել է մի շարք արևադարձային երկրներում: Նկարչուհու Instagram-ի էջում վերջին հրապարակումների համաձայն՝ այժմ նա գտնվում է Սեյշելյան կղզիներում: