Թուրքիան դատապարտել է Հունաստանի ափաﬔրձ անվտանգության ծառայության գործողությունները՝ Էգեյան ծովում իր բեռնանավի վրա կրակ բացելը անվանելով անհիմն:
«Առևտրային և չզինված նավի վրա հարձակում իրականացնելը, անկախ դրա պատճառներից, որպես արդարացում չունի», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:
Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին կրակ է բացել Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա այն բանից հետո, երբ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին:
Ինչպես հաղորդում են հունական լրատվամիջոցները, հունական կողմը անանուն հաղորդագրություն է ստացել, որ թուրքական «ACT» բեռնատար նավի վրա թմրանյութեր կան: Այդ իսկ պատճառով հունական ափամերձ անվտանգության ծառայությունը նավի կապիտանին հրահանգել է մոտենալ Հռոդոս կղզու ափերին՝ ուղեբեռը ստուգելու համար: Սակայն թուրքական նավը, չենթարկվելով հրահանգներին, որոշել է շարունակել ճանապարհը: Դրանից հետո հունական ափամերձ անվտանգության ծառայությունը նախազգուշական կրակ է արձակել օդ, ապա նաև նավի ուղղությամբ:
Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: