Հայաստանը երբեք չի հրաժարվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը հաջորդած հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծեց, որ համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են: «Բայց մինչև այդ արձագանքը, մենք խոսել էինք թե եռանախագահների, թե Անջեյ Կասպշիկի հետ», - ընդգծեց Նալբանդյանը:
«Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե նախարարության մամուլի խոսնակի, թե արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին», - եզրափակեց Նալբանդյանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: