ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը` ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:
Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:
Նշվում է նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:
Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը: