Մոտ 14 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել Կանադայի արևմտյան շրջանում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգից։
Ինչպես փոխանցում է NTDTV-ն` այստեղ անտառային հրդեհներ են բռնկվել։ Ամբողջ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:
Կրակն ընգրկել է հսկայական տարածք` Ուիլյամ Լեյք քաղաքից մինչև Փրինսթոն։ Գրանցվել է հրդեհի 220 օջախ։
Շատերը տարհանվել են Կամլուպս քաղաք՝ Վանկուվերից 250 կմ հեռավորության վրա։ Այստեղ ժամանակավոր կենտրոն է ստեղծվել։ Կա նաև տարհանված ընտանի կենդանիների համար նախատեսված կենտրոն։
Կրակի տարածմանը նպաստում է շոգ երաշտային եղանակը։
Նշվում է, որ հրդեհները մարում են նաև օդից։
Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Միաժամանակ կանադական լրատվամիջոցները հայտնում են, որ այրվել են մի քանի բնակելի տներ, իսկ որոշ ագարակատերեր ստիպված են եղել ճակատագրի քմահաճույքին թողնել իրենց անասուններին։