ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և դեսպան Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից) հայտարարություն են տարածել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է «Արմենպրեսը»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա աշխատանքի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին համանախագահների առաջարկը՝ այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Համանախագահներն առաջարկել են իրենց օգնությունը հանդիպման կազմակերպման գործում: Քննարկվել է նաև ներկա իրադրությունը շփման գծում: Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ: