Շվեդիայի խորհրդարանի 5 պատգամավորներ հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ` նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրելով: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը՝ AFP-ին հղումով:
Հաղորդվում է, որ ձախ և կանաչների կուսակցության պատգամավորների հայցը վերաբերում է երկրի հարավ-արևելքում քրդերի և թուրքերի միջև հակամարտությանը: Հայցում հիշատակվում է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Շվեդիայի օրանսդրության համաձայն, որն ընդունվել է 2014 թվականին, երկրի դատավորները կարող են գործեր քննել մարդկության դեմ ենթադրվող հանցագործությունների համար` անկախ այն հանգամանքից որտեղ են դրանք կատարվել կամ ում կողմից:
Եթե դատախազները որոշեն քննություն սկսել, կարող են Էրդողանին կալանավորելու օրդեր տալ: Օրենսդիրները նաև հույս ունեն, որ եվրոպական մյուս երկրների գործընկերները կհետևեն իրենց օրինակին: