Տոմսկի դպրոցներից մեկի ավարտական երեկոյի ժամանակ հայ Արտյոմ Եղյանը, աֆրիկացի Ադամ Զեմցովն ու ադրբեջանցի Զուլֆուգար Զուլֆուգարովը լեզգինկա են պարել և տեսանյութը հրապարակել համացանցում։ Այս մասին փոխանցում Սպուտնիկ Արմենիա-ն` հղում կատարելով ТВ2 հեռուստաընկերությանը։
«Ես հայ եմ, հայրս հայ է, Զուլֆուգարն ադրբեջանցի է, իսկ աֆրիկացի Ադամն էլ մանկուց շատ լավ է պարում։ Այդ պատճառով էլ պարը մեզ համար ինչ-որ գերբնական բան չէր»,- հեռուստաընկերությանն ասել է Արտյոմ Եղյանը։
Շրջանավարտները լեզգինկան սովորել են համացանցում հրապարակված տեսանյութերի միջոցով։ Փորձերն անցկացրել են փողոցում և դպրոցի դահլիճում։
Չորս ամիս տևած պարապմունքները մեծ հաջողությամբ են պսակվել. այսօր նրանց պարն ավելի քան երկու միլիոն դիտում է ունեցել։