Հեղաշրջման տապալված փորձից մեկ տարի անց Թուրքիան ունի ընդլայնված լիազորություններով ու էլ ավելի մեծ իշխանություն ունեցող ղեկավար՝ ի դեմս Էրդողանի: Առ այսօր դժվար է հստակ ասել, թե իրականում ովքեր էին հեղաշրջման փորձի հեղինակները և ում էր այն պետք, սակայն մեկ բան հստակ է. Էրդողանը հեղաշրջման փորձի առաջին իսկ օրվանից մինչ այսօր առավելագույնս օգտվել և շարունակում է օգտվել ստեղծված իրավիճակից:
Երկրում հայտարարված արտակարգ դրության «շնորհիվ», ինչպես նաև գյուլենականների դեմ պայքարի պատրվակով Էրդողանին հաջողվեց երկրում իրականացնել «մաքրման» գործողություններ՝ ազատվելու այն մարդկանցից, ովքեր խոչընդոտում էին կամ կարող էին խոչընդոտել իր «սուլթանության» ձևավորմանը:
Հատկապես սրվեց քրդերի դեմ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Հետապնդումների ենթարկվեցին ու ձերբակալվեցին առավել ակտիվ քուրդ գործիչներ (այդ թվում՝ քրդամետ ԺԴԿ կուսակցության 2 համանախագահներ), ովքեր ուղղակի և անուղղակի կերպով կարող էին խոչընդոտ հանդիսանալ քրդական գործոնի դեմ իրականացվող Թուրքիայի քաղաքականության համար: Փակվեցին քրդերի հետ որևէ առնչություն ունեցող մի շարք լրատվամիջոցներ:
Աննախադեպ էին նաև այս մեկ տարվա ընթացքում խոսքի իրավունքի սահմանափակումները, այլախոհների ու լրագրողների դեմ բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Իսկ որպեսզի պատկերն էլ ավելի հստակ դառնա, պարզապես բավարար է ներկայացնել մի քանի տվյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում փակվել է շուրջ 160 լրատվամիջոց և քրեական գործ է հարուցվել ավելի քան 150 լրագրողի նկատմամբ: Վերջերս էլ Ստամբուլում հենց համաժողովի ժամանակ ձերբակալվեց մարդու իրավունքի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների 10 ներկայաուցիչ:
Հեղաշրջման տապալված փորձը բավականին լավ հող նախապատրաստեց նաև առանց լուրջ ցնցումների սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար: Իբրև թե հնարավոր վտանգներին առավել արագ արձագանքելու, երկրի անվտանգության ապահովումն առավել արդյունավետ իրականացնելու համար Էրդողանը կարողացավ համոզել իր քաղաքացիներին քվերակել հօգուտ իր լիազորությունների ընդլայնման:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ ներկայիս Թուրքիան ընթանում է ավտորիրտար ռեժիմի հաստատման ուղիով: Էրդողանին գրեթե հաջողվել է դառնալ «վերջին սուլթանը», ով վերահսկում է ամենքին ու ամեն ինչ: