Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու խնդիրը՝ հայ ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ հարաբերությունների ամենացավալի կողմն է: Այսպես է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Այդ խնդիրը ստվերում է շատ բան։ Սակայն մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել… Եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար», - ասել է նախագահը:
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին կարծիքները ՀՀ նախագահը «ծայրահեղ վտանգավոր խոսքեր» է համարել, ինչը «ծայրահեղ բարդ իրավիճակ կարող է ստեղծել»։
«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ», - հավելեց Սերժ Սարգսյանը: