Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 115 մարդ է ձերբակալվել գյուլենականների հետ կապի կասկածանքով, հայտնում է Hurriyet-ը: Նշենք, որ գույլենականների դեմ թուրքական իշխանությունների արշավը սկսվել է 2016 թվականի հուլիսի 16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո. Անկարան համոզված է, որ դրա հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը:
Հեղաշրջման փորձին հաջորդած այս մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, իսկ աշխատանքից հեռացվել է ավելի քան 150 հազար հոգի: Աշխատանքից զանգվածային ազատման հերթական հրամանագիրը եղավ հուլիսի 14-ին՝ հեղաշրջման փորձի առաջին տարելիցի տոնակատարությունների նախօրեին. գյուլենականների հետ կապի կասկածանքով աշխատանքից ազատվել է ավելի քան 7 հազար մարդ:
Նշենք, որ Թուրքիայում բավականին լայնամասշտաբ են նշել հեղաշրջման փորձի առաջին տարելիցը: Տոնը նշելու համար Թուրքիայի խոշոր քաղաքների փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Առավել զանգվածային ցույցեր են եղել Անկարայում և Ստամբուլում: Այս երկու քաղաքներում անցկացված ցույցերին մասնակցել է նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Խորհրդանշական է, որ նա Ստամբուլ է ժամանել ինքնաթիռով, որին ուղեկցում էր կործանիչներ: էրդողանը Ստամբուլում մասնակցել է դեպի Բոսֆորի կամուրջներից մեկով ընթացող բազմահազարանոց ամբոխի քայլերթին. հենց այստեղ մեկ տարի առաջ խաղաղ քաղաքացիները կասեցրել էին ապստամբների առաջխաղացումը: Էրդողանը աղոթել է հեղաշրջման փորձի գիշերը զոհվածների համար։ Նա նշել է, որ 249 զոհերի 47 տոկոսը սպանվել է հեղաշրջման փորձը իրականացնողների փամփուշտներից։
Տոնական միջոցառումները չեն սահմանափակվել միայն երթերով և համերգային ծրագրերով: Թուրքիայի քաղաքացիներին յուրահատուկ անակնկալ է մատուցել երկրի նախագահը. բջջային կապի այն բաժանորդները, ովքեր զանգել են հուլիսի 16-ի լույս գիշերը երկրի նախագահից անակնկալ հաղորդագրություն են ստացել: «Որպես նախագահ՝ ես ձեզ իմ շնորհավորանքներն եմ հղում հուլիսի 15-ին ժողովրդավարության և միասնության ազգային օրվա կապակցությամբ և նահատակներին ողորմածություն եմ մաղթում, իսկ հերոսներին՝ առողջություն և բարեկեցություն»,- ասում է Էրդողանը ձայնագրությունում: Զանգը սկսում էր գրանցվել միայն նախագահի հաղորդագրության ավարտից հետո:
Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունների որոշմամբ այդ օրը նշվում է որպես Ազգային միասնության օր: Սակայն միջազգային մամուլում այս թեմային անդրադառնալիս ընդգծվում էր ոչ թե թուրք ժողովրդի միասնությունը, այլ Էրդողանի կողմից այս հանգամանքը օգտագործումը որպես իր բռնապետության լեգիտիմացման միջոց: «Սա մի ժողովուրդ է, որը ավելի քան երբևէ պառակտված է, նրա թերթերը լռեցված են, նրա ընդդիմությունը ահաբեկված, էրդողանի իշխանությունն այժմ մրցակցում է հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության հետ» - գրում է բրիտանական The Guardian-ը: