Հայկական վարորդական իրավունքները Ռուսաստանում կընդունվեն, երբ ռուսաց լեզուն ՀՀ–ում պաշտոնական կարգավիճակ ստանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն:
«Որոշումը, որն ընդունվել է, իսկապես, տարածվում է Ղրղըզստանի և Բելառուսի քաղաքացիների վրա, քանի որ այդ երկու պետությունների քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոններն ուսումնասիրել են ռուսերենով։ Այս երկու երկրների քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանում վարորդ են աշխատում, հասարակական տրանսպորտային միջոց են վարում, և իհարկե, նրանք գիտեն կանոնները։ Աշխատանքում նրանց օգնում է ռուսաց լեզվի իմացությունը», – ասել է Վոլոդինը։
Բաբլոյանն իր հերթին նշել է, որ հայերը շատ լավ են տիրապետում ռուսերենին, և երկրում չկա որևէ դպրոց, որտեղ այն չդասավանդվի։
«Կարող եմ միայն մի բան ասել. այն (ռուսաց լեզուն) պաշտոնական դարձրեք, և այդժամ օրենքներն ավտոմատ կերպով կտարածվեն նաև Հայաստանի Հանրապետության վրա», – հայտարարել է խոսնակը։
Նա պարզաբանել է, որ որոշումն ընդունվում էր` հաշվի առնելով ուղևորների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այստեղ տնտեսական բաղադրիչ չկա։