Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն աղետալի հետևանքներ կունենա երկրի և տարածաշրջանի համար, կարծում է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
«Մենք կարծում ենք, որ հանրաքվեն սխալ ընտրություն է», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Նյու Յորքում։
«Դա վերաբերվում է ոչ միայն քրդական բնակչությանը։ Ես կարծում եմ, որ դա աղետալի կերպով կանդրադառնա Իրաքի անվտագության վրա և աղետալի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա», - հայտարարել է նախարարը։
Իրաքյան Քրդստանը ինքնավարություն է Իրաքի հյուսիսում. այս կարգավիճակը ամրագրված է Իրաքի 2005 թվականի սահմանադրության մեջ: Քրդական իշխանությունները բազմիցս բարձրացրել են անկախության հարցը և հունիսին հայտարարել, որ սեպտեմբերի 25-ին կանցկացնեն Իրաքից անկախանալու հարցով հանրաքվե։