Հուլիսի 18-ին Ստամբուլում սկսված հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ավտոճանապարհներ, մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ»-ը:
Նշվում է, որ փակվել է նաև Բոսֆորի տակով անցնող Եվրասիական թունելը:
Հեղեղվել են նաև գրասենյակներ և բնակելի տների առաջին հարկերը:
Ստամբուլի նահանգապետարանը կոչ է արել բոլոր քաղաքացիներին խուսափել սեփական ավտոմոբիլային միջոցներով տանից դուրս գալուց:
Ստամբուլի 15 միլիոնանոց բնակչության մեծ մասը նախընտրում է լաստանավերով քաղաքի մի կողմից մյուսը տեղաշարժվել, սակայն հորդառատ անձրևները կաթվածահար են արել նաև ծովային երթևեկությունը: