Լիոնի նորընտիր քաղաքապետ բժիշկ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ական թվականների ամենածանր տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան և Արցախ և դժվարին վիրահատություններով կյանքեր է փրկել: Այս մասին «Ասպարեզ» թերթում գրել է թերթի խմբագիր Աբո Պողիկյանը:
Հոդվածում մասնավորապես նշվում է.
«Հպարտության զգացումով լսեցի Գեորգի՝ կես միլիոնից ավելի բնակիչ ունեցող Լիոնի Գործադիր իշխանության ղեկավար ընտրվելու մասին: Իր հետ ծանոթացել եմ Դաշնակցության շարքերում, և իր հայրենասիրությունը ներշնչման աղբյուր կարող է լինել շատերի համար:
Թեև որևէ քաղաքի պետ չի ընտրվել, բայց այս առթիվ ուզում եմ հպարտանալ նաև դաշնակցական մեկ այլ ընկերոջ՝ բժիշկ Կարո Դերձակյանի՝ Հայաստանում իրագործած աշխատանքներով: Նա էլ նույն մասնագիտությունն ունի և անկախության առաջին տարիներից ի վեր մինչև այսօր, հետևողականորեն շարունակում է իր ծառայությունը՝ հայրենիքում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:
Ինչպե՞ս չհպարտանամ իմ դաշնակցական մեկ այլ բժիշկ ընկերոջով՝ դոկտոր Հրայր Հովակիմյանով, որ Հայաստանում երեխաների սրտի արատը բուժող վիրահատություններ է անում, միաժամանակ մարզելով երիտասարդ բժիշկների ամբողջ մի սերունդ՝ այդ և ընդհանրապես սրտի վիրահատության ոլորտը հասցնելով միջազգային ակնառու մակարդակի»: