Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԱԺ հատուկ նիստում՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, 28 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ վերընտրվել է ԼՂՀ նախագահ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ Արցախի խորհրդարանի լրատվական վարչության պետ Լիլիթ Ասրյանին հղումով։
Նրա խոսքով, փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցելէ ԼՂՀ խորհրդարանի 33 պատգամավորներից 32-ը։ Նրանցից մեկը՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունից Արմո Ծատուրյանը, ներկա չի եղել առողջական խնդիրների պատճառով։
ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։
Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: