Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած անսպասելի ջրհեղեղից ստեղծված քաոսային իրավիճակն ու դրա հետևանքները բազմաթիվ հարցեր են առաջացրել թե՛ բնակիչների, թե՛ գիտնականների ու լրագրողների մոտ: Այս մասին գրում է Թերթ.ամ՝ հղում կատարելով թուրքական gazeteduvar.com.tr կայքին:
Թուրք ճարտարապետներից Կորհան Գյումուշը փաստում է, որ իշխանությունների ձեռնարկած նոր քաղաքաշինական աշխատանքները, բազմաթիվ ծառերի հատումն ու ավազե ծովեզերքի բետոնապատումը ստեղծված աղետի հիմնական պատճառներն են:
«Այո՛, Ստամբուլում աննախադեպ քանակի տեղումներ եղան, սակայն ստեղծված իրավիճակը արդյո՞ք կարելի է բարդել միայն բնության վրա՝ անվանելով սա բնական աղետ: Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ», - ասում է փորձագետը՝ նշելով, որ թեև իշխանություններն ահռելի գումարներ են ծախսում քաղաքում շինարարական տարբեր աշխատանքների համար՝ առկա տեխնիկական խնդիրների պատճառով արդյունքն աղետալի է:
Փորձագետը նաև մատնանշել է, որ ջրհեղեղի ժամանակ հիմնականում ավերվել են հենց նոր կառուցված թունելներն ու փողոցները, մինչդեռ ավելի հին կառույցները բավականին ամուր են գտնվել: