Չինաստանում կես տարում կոռուպցիայի համար 210 հազար պաշտոնյայի են պատժել

11:49     20 հուլիսի, 2017

Չինաստանի իշխանությունները 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում 210 հազար պաշտոնյայի են պատժել՝ ապօրինի գործողությունների և կարգապահությունը խախտելու համար։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն՝ Չինաստանի կոմկուսի կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի հայտարարությանը հղումով:

«2017 թվականի առաջին կեսին հակակոռուպցիոն ատյաններն ընդհանուր առմամբ 1.31 միլիոն դիմում են ստացել, կարգապահական խախտումների հետ կապված 260 հազար գործ է հարուցվել, դրանցից 176 հազարը կուսակցական տույժեր են ստացել», - ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ պատժված իրավախախտների շարքում են նաև 38 բարձրաստիճան պաշտոնյաներ նահանգային վարչակազմերից և տարբեր նախարարություններից, ինչպես նաև պետական հաստատությունների շուրջ հազար ղեկավարներ։

Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի լայնամասշտաբ արշավ է սկսվել 2012 թվականին՝ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո:


© armedia.am