Չինաստանի իշխանությունները 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում 210 հազար պաշտոնյայի են պատժել՝ ապօրինի գործողությունների և կարգապահությունը խախտելու համար։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն՝ Չինաստանի կոմկուսի կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի հայտարարությանը հղումով:
«2017 թվականի առաջին կեսին հակակոռուպցիոն ատյաններն ընդհանուր առմամբ 1.31 միլիոն դիմում են ստացել, կարգապահական խախտումների հետ կապված 260 հազար գործ է հարուցվել, դրանցից 176 հազարը կուսակցական տույժեր են ստացել», - ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ պատժված իրավախախտների շարքում են նաև 38 բարձրաստիճան պաշտոնյաներ նահանգային վարչակազմերից և տարբեր նախարարություններից, ինչպես նաև պետական հաստատությունների շուրջ հազար ղեկավարներ։
Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի լայնամասշտաբ արշավ է սկսվել 2012 թվականին՝ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո: