Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԵՄ-ին կործանում և անհետացում է սպասվում, եթե Բրյուսելը չփոխի իր վերաբերմունքը Իսրայելի հանդեպ:
«Գիտեմ, այնքան էլ լավ չեմ արտահայտվում, ոմանց դա կցնցի, սակայն ճշմարտությունը մնում է ճշմարտություն և՛ Եվրոպայի անվտանգության , և՛ դրա տնտեսության ապագայի հարցում», - ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Լեհաստանի վարչապետների հետ Բուդապեշտում կայացած փակ հանդիպման ժամանակ:
Նեթանյահուն նրանց կոչ է արել փակել սահմանները Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից եկող ներգաղթյալների համար: Նեթանյահուին վրդովեցրել է նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն մշտապես քաղաքական պայմաններ է առաջադրում Իսրայելին:
Եվրամիության քաղաքական գործիչները բազմիցս քննադատել են Իսրայելին Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրեր կառուցելու համար: