Թուրքիան ապրելու տեղ չէ.այն սարսափելի բանտ է: Այս մասին «Արևելք»-ին տված հարցազրույցում հայտնել է 3,5 տարի թուրքական բանտում անցկացրած և այնտեղից օրերս փախած թուրքահայ մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սևան Նշանյանը:
«Բոլորն են բանտարկված: Չգիտեմ՝ ինձ նմա՞ն են մտածում թե չէ՞, բայց երբ մարդկանց հետ մոտիկից խոսես, հիմնական մասն այն մտայնությունն ունի, որ այդ երկիրն ապրելու տեղ չէ, անկարելի է: Թուրքիան սարսափելի բանտ է», -ասել է նա:
Անդրադառնալով Թուրքիայում իշխանական ռեժիմին, նա մասնավորապես նշել է. «Այս ռեժիմը՝ Թայիփ Էրդողանի ռեժիմը, շատ ավելի երկար չի կարող շարունակել իր գործը: Կառավարությունը վաղ թե ուշ գնալու է, բայց դրանից հետո ի՞նչ կլինի երկրում՝ այդ է հարցը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կլինի հետո, որովհետև Թուրքիայի համակարգը տեղից շարժվել է, ցնցվել է, և հեշտ չէ կրկին վերականգնել, տեղը դնել»:
Խոսելով թուրքական բանտերում տիրող վիճակից՝ Նշանյանը նշել է, որ ուտելիքի ընտրություն շատ չկար, սահմանափակ էր:
«Բայց միշտ փորձում էի ինչ-որ մի կենսակերպի հետևել, հատկապես անցյալ տարվա բանտում (ութ բանտ եմ փոխել) մարզանքով էի զբաղվում, օրական կես ժամ վազում էի, այդտեղ համակարգիչ էլ էին տվել, գրում էի, օրական յոթ-ութ ժամ կանոնավոր գրում էի, աշխատում էի: Իսկ վերջին մեկ տարում խախտվեց այդ ամենը, նախ համակարգիչ չունեի, և խուցը, որտեղ մնում էի, շատ-շատ փոքր էր, և այդ փոքր խցում քսան հոգի էինք: Աներևակայելի փոքր տարածք էր, որտեղ այդքան հոգով էինք: Ահագին դժվար էր»,- հայտնել է թուրքահայ մտավորականը: