Իրանի կինոթատրոններում կցուցադրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ

17:00     22 հուլիսի, 2017

Իրանում հուլիսի 23-29-ը անցկացվելիք հայկական կինոյի շաբաթվա շրջանակներում ցուցադրվելու է նաև Հայոց ցեղասպանության ընթացքում կին միսիոներների գործունեությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը:

Հայկական կինոյի շաբաթը կանցկացվի Թեհրանում, Մաշադում և Շիրազում, որտեղ կցուցադրվեն ժամանակակից հայկական 10 ֆիլմեր, հայտնում է «Արմենպրես»-ը: Միջոցառումը կազմակերպել են Իրանում Հայաստանի դեսպանությունը և «Արվեստ ու փորձառություն» կինեմատոգրաֆիական խումբը:

Շաբաթվա ընթացքում կցուցադրվեն ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» և «Փրկության քարտեզ» ֆիլմերը, ինչպես նաև Արամ Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը:

«Փրկության քարտեզը» վավերագրական դրամա է, որը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներկայացնում է հինգ եվրոպացի միսիոներ կանանց կյանքը, ովքեր ականատես են դարձել Հայոց ցեղասպանությանը և այդ ընթացքում փորձել են փրկել ու ապաստան գտնել հայ կանանց և երեխաների համար:


© armedia.am