Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը՝ առաջ տանելով չճանաչված Հարավային Օսեթիայիսահմանագիծը Վրաստանի հետ: Դա տեղի է ունեցել Կարապիլա գյուղի մոտ, Տորտլա գետի երկայնքով, գրում է Apsny.ge-ն «Ռեզոնանսի» թերթի վրա հղումով:
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հաստատել է այդ փաստը:
Վրաստանի ՆԳՆ-ն այդ գործողությունները «սադրիչ» է անվանել և հայտարարել, որ իրենք միջազգային գործընկերների հետ միասին փորձում են կասեցնել «այսպես կոչված սահմանազատման գործողությունները»:
«Մենք շատ խիստ ենք գնահատում այս փաստը, ինչպես և բոլոր նախորդները: Մենք միջազգային մեր գործընկերների հետ աշխատումն ենք գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին դա սադրանք է, որը կարևոր է կասեցնել»,-ասել է Վրաստանի ՆԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:
Ռազմաքաղաքական վերլուծաբան, բրիգադի գեներալ Ամիրան Սալուկվաձեն իր հերթին ասել է, որ ռուսները փորձում են վերականգնել ԽՍՀՄ ժամանակների սահմանը: