Միջազգային բանակցություններում ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հուլիսի 23-ին ուղևորվել է Իսրայել՝ Երուսաղեմի իրադարձությունների պատճառով առաջացած լարվածության թուլացման նպատակով, հայտնում Է CNN հեռուստաալիքը: ԱՄՆ վարչակազմի աղբյուրներից հեռուստաալիքի տեղեկություններով՝ Վաշինգտոնն ակտիվացրել է կոնսուլտացիաներն Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի հետ:
Պաղեստինի և Իսրեյալի միջև լարվածության նոր ալիքի պատճառ է դարձել իսրայելական իշխանությունների կողմից Տաճարի լեռան մուտքերի մոտ անվտանգության միջոցառումների խստացումը: Մասնավորապես, Իսրայելը հուլիսի 14-ին Տաճարի լեռան բարձունքում պաղեստինցիների կողմից հրեա ուժայինների վրա հարձակմանն ի պատասխան մետաղաորոնողական սարքեր է տեղադրել սրբավայրի մուտքերի մոտ:
Սա լուրջ դժգոհություն է առաջացրել մուսուլմանների շրջանում: Շատ մուսուլմաններ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մետաղաորոնողական սարքերի պատճառով հրաժարվել են Տաճարի լեռ բարձրանալ և աղոթքը անցկացվել է դրսում: Նշենք, որ Իսրայելն նաև արգելել էր մինչև 50 տարեկան մուսուլմանների մուտքը Տաճարի լեռ: Արդյունքում իսրայելցի ուժայինների և պաղեստինցիների միջև արդեն մի քանի օր է բախումներ են տեղի ունենում, որոնց հետևանքով 6 մարդ է զոհվել, կան հարյուրավոր տուժածներ:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն այս կապակցությամբ հայտարարել է, որ դադարեցնում է Իսրայելի հետ շփումները բոլոր մակարդակներով այնքան ժամանակ, քանի դեռ մետաղաորոնողական սարքեր կան Տաճարի լեռան մուտքերի մոտ: Աբբասը Թել-Ավիվին մեղադրել է մուսուլմանների համար սրբազան վայրերում իր վերահսկողությունը հաստատելու մեջ: Իսրայելում հերքում են այս մեղադրանքները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ չեն պատրաստվում չեղարկել անվտանգության խստացված միջոցառումները:
Նշենք, որ Տաճարի լեռան վրա գործում է ստատուս քվո, ինչը նշանակում է, որ սրբավայրը գտնվում է մուսուլմանական վարչակազմի կառավարման ներքո, սակայն աղոթելու իրավունք ունեն մուսուլմանները, այլև մյուս դավանական խմբերը: Տաճարի լեռան վրա են գտնվում Ալ-Ակսա մզկիթը և Տաճարի գմբեթը, որոնք կառուցվել են հրեական սրբավայրերի ավերակների վրա: Լեռը համարվում է հուդայականության գլխավոր սրբավայրը, իսկ մուսուլմանների՝ կարևորությամբ երրորդ սրբավայրը:
Միջազգային հանրությունը և հատկապես արաբական երկրները մտահոգություն են հայտնել մերձավորարևելյան հակամարտության նոր սրացման կապակցությամբ: Այսօր Ֆրանսիայի, Շվեդիայի և Եգիպտոսի նախաձեռնությամբ տեղի կունենան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, Հորդանանը նախաձեռնել է հարցի քննարկումն Արաբական պետությունների լիգայում, իսկ Թուրքիան՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում:
Փորձագետների մոտ լուրջ մտավախություն կա, որ պաղեստինա-իսրայելական այս բախումներ կարող են վերաճել հերթական ինտիֆադայի՝ հաշվի առնելով բանակցությունների փակուղային վիճակը:
Ինթիֆադա են անվանում պաղեստինցիների «ժողովրդական ապստամբությունները», որոնք նախկինում արդեն տեղի են ունեցել 2 անգամ: Առաջինը 1987-93 թվականներին, իսկ երկրորդը` 2000-2005-ին: Առաջին ինթիֆադան նաև անվանում են «քարերի պատերազմ», քանի որ պաղեստինցիներն իրենց ելույթների ժամանակ հիմնականում քարեր և ինքնաշեն զինամթերք են կիրառել: Պաշտոնապես այս ինթիֆադան ավարտվել է Օսլոյի համաձայնագրով, որի արդյունքում 1994 թվականին ստեղծվեց Պաղեստինի ինքնավարությունը: