ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված նախկինում գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում է Պետական անվտանգության կոմիտեի՝ КГБ-ի նախկին գործակալ Յուրի Նոսենկոյի վկայությունները: Վերջինս ԿՀՎ-ին տեղեկություններ է տրամադրել սպանության միակ կասկածյալ Լի Հարվի Օսվալդի մասին:
Նոսենկոն ԽՍՀՄ պետանվտանգության մարմիններում ծառայել է 1954 թվականից, իսկ 1964 թվականին, չվերադառնալով Ժնև գործուղումից քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ում:
Հաղորդվում է, որ ծովային հետևակի նախկին ծառայող Լի Հարվի Օսվալդը 1959 թվականին ցանկացել է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից և ստանալ ԽՍՀՄ քաղաքացիություն: Նա ԽՍՀՄ-ում ապրել է 2.5 տարի՝ այդ ընթացքում մշտապես գտնվելով անվտանգության ուժերի ուշադրության կենտրոնում: Նոսենկոյի վկայությունները վերաբերում են հենց այս ժամանակահատվածին. նրա պնդմամբ՝ ինքն անձամբ է հարցաքննել Օսվալդին:
Ջոն Քենեդին գնդակահարվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում: Սպանության միակ կասկածյալ Լի Հարվի Օսվալդը սպանությունից երկու օր անց սպանվել է ոստիկանության վարչությունից Դալասի շրջանային բանտ տեղափոխվելու ճանապարհին: