Ապրիլյան պատերազմից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350- ից ավելի գործ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:
«Ներկայացված հայցերն առնչվում են մի քանի հոդվածների` կյանքի իրավունք, արգելված վերաբերմունք, անձնական կյանքի հարգման իրավունք: Տեսեք, մեզ սահմանից ուղարկված նամակում գրում են, որ վաղուց քնելուց առաջ անձնագրերը դնում են փոքր պայուսակի մեջ և կախում են դռան բռնակից: Պատկերացնում եք այդ մարդկանց վիճակը, սա անձնական կյանքին է առնչվում և անպայման չէ այնտեղ ռմբակոծություն եղել է, թե ոչ: Այսինքն` այդ մարդիկ նորմալ կյանքից զրկված են: Բարձրացրել ենք նաև գույքային իրավունքի, ինչպես նաև խտրականության հարցը: Ներկայացրել ենք այն, որ մարդիկ սպանվել են, գույքից զրկվել են, որովհետև հայ են», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ ակնկալում են իրավական պաշտպանության արդարացի փոխհատուցում:
Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ դատարանը մոտ երկու տասնյակ գործ շատ արագ կոմունիկացրել է: «Դա անկեղծ ասած մեզ համար անսպասելի էր: Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում, նույնիսկ թեև զինված բախում է, բայց զինվորի գլուխ կտրելը արտառոց երևույթ է: Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման բան տեղի ունենա», - ասաց իրավաբանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենց աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը, վերջին գործը, որ դատարանին ուղարկվել է, կապված է եղել Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերին, երբ 3 հայ զինվոր խրամատում սպանվեց: