Հայկական գենետիկական տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Այս մասին Պատմական Հայաստանի գենետիկ քարտեզագրման աշխատանքների ու հայկական գենոֆոնդի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանը:
«Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են մեզ: Այսօրվա ժողովուրդները, որոնք ապրում են Եվրոպայում, Ասիայի հյուսիսային տարածքում, մեծ հավանականությամբ հատել են մեր տարածաշրջանը և տրամաբանական է, որ պետք է ունենան հատկանիշներ, որոնք մոտ են և Մերձավոր Արևելքի, և կովկասյան ժողովուրդների գենետիկական կազմին: Ժամանակակից Իտալիայի տարածքում 3000-4000 տարի առաջ ապրած ռուսների գենոֆոնդում եղել են հայկական տարրեր: Ինչը նշանակում է, որ նրանք այստեղից են գնացել», - հայտնել է Եպիսկոպոսյանը:
Հարցին, թե այժմ ո՞ր փուլում է գտնվում պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը, Լևոն Եպիսկոպոսյանը մասնավորապես նշել է. «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզն ավարտելուն դեռ շատ ժամանակ կա, պետք է հավաքագրենք բավականին մեծ թվով նմուշներ՝ 300-400: Այժմ հավաքել ենք մոտ 150-ը: Հավաքագրման ընթացքը բավականին դժվար է, մենք պետք է նմուշներ հավաքենք այն մարդկանցից, ում բոլոր նախնիները սերում են նույն տարածքից»: