Խորովածի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի առանձնահատուկ կլինի, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նրա խոսքով` նախատեսվում է օգոստոսի 19-ին Ախթալայում խորովածի միջազգային մրցույթ անցկացնել, իսկ հաջորդ օրը կմեկնարկի Խորովածի 9-րդ միջազգային փառատոնը։
«Օգոստոսի 19-ին մենք Խորովածի միջազգային միության համանախագահ Արտեմ Ենգոյանի հետ ուզում ենք խորովածի միջազգային մրցույթ կազմակերպել։ Իսկ ինչ վերաբերում է բուն փառատոնին, այն տարբերվելու է ինչպես իր գեղարվեստական մասով, այնպես էլ մասնակիցների ավելի լայն աշխարհագրությամբ։ Օրինակ` այս տարի փառատոնին մասնակցելու համար Վրաստանից և Ռուսաստանից թիմեր են ժամանել», – հայտնել է Մամուլյանը` նշելով, որ Ախթալան այսուհետ կդառնա խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
Փառատոնի շրջանակներում ելույթ կունենա թուրքահայ երգչուհի Սիբիլը։