2017 թվականի հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «ԱՄՆ-ի պաշտպանությանը նպաստելուն ուղղված պատժամիջոցների մասին օրենքի» նախագծին, որի նպատակն է «Իրանի, Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի կառավարությունների ագրեսիային դիմակայելը»: Օրինագիծը հավանության արժանացավ Ներկայացուցիչների պալատի կողմից` 419 կողմ և 3 դեմ ձայնով: Օրինագծին դեմ է քվեարկել միայն երեք հանրապետական`Միչիգան նահանգից Ջասթին Ամաշը, Քենթուկիից Թոմ Մասին և Թենեսիից՝ Ջիմի Դունկանը, հաղորդում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ օրինագծի նպատակն է ռուս անհատների և գործարարների նկատմամբ արդեն իսկ գործող պատժամիջոցները վերածել օրենքի՝ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելուց հետո: Բացի դրանից, օրինագիծը ենթադրում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ` 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին «միջամտելու համար»: Այդ նոր պատժամիջոցներն ուղղված են ռուսական այնպիսի նշանակալի ոլորտներին, ինչպիսիք են երկաթուղին, նավաշինությունը, մետաղագործությունն ու հանքարդյունաբերությունը, ինչպես նաև ռուսական նավթարդյունաբերությունը:
Երբ այս օրինագիծը հաստատվի անձամբ նախագահի կողմից, պատժամիջոցները կվերածվեն օրենքի, ինչը նշանակում է, որ նախագահն այլևս չի կարողանա մեղմացնել դրանք, եթե միայն չստանա ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը, հաղորդում է CNN-ը:
Հիշեցնենք, որ ներկայիս օրինագիծն ԱՄՆ Սենատի կողմից հաստատված նախորդ օրինագծի շարունակություն է: Սակայն, նախորդի համեմատ, ներկայիս օրինագիծը, բացի Իրանի և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից, նաև պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային Կորեայի դեմ: Թեև նախորդ օրինագիծը հաստատվել էր Սենատում 98/2 հարաբերակցությամբ, այն միևնույն է թեժ քննարկումների տեղիք էր տվել Ներկայացուցիչների պալատում, և հետևաբար որոշակի փոփոխություններ էին կատարվել: Որից հետո անհրաժեշտություն առաջացավ, որ ներկայիս օրինագիծը կրկին հաստատվի Սենատի կողմից, որից հետո այն պետք է հաստատվի ԱՄՆ նախագահի կողմից: Թեև նախագահը կարող է վետո կիրառել օրինագծի նկատմամբ, ԱՄՆ Կոնգրեսը ևս կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը՝ նախագահի վետոն չեղարկելու նպատակով:
Այսպիսով, ո՞րն է Սպիտակ տան դիրքորոշումը ներկայիս օրինագծի վերաբերյալ: Սկզբում տեղեկություն տարածվեց, թե իբր Սպիտակ տունը խորհրդակցում է Ներկայացուցիչների պալատում հանրապետական կոնգրեսականների հետ`Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու համար: Այնուհետև, մյուս օրը, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Սառա Հաքաբեյ Սանդերսը նշեց. «Մինչ նախագահը սատարում է Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Սպիտակ տունը վերանայում է Ներկայացուցիչների պալատի օրինագիծն ու նախագահի նստավայրում սպասում դրա վերջնական տարբերակին»:
Ի պատասխան ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է, որ «այս օրինագծի հեղինակներն ու հովանավորները լուրջ քայլ են կատարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների ոչնչացման ուղղությամբ»,- հաղորդում է TASS-ը:
Ավելի ուշ Վրաստան այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ ԱՄՆ նախգահը կստորագրի ՌԴ դեմ պատժամիջոցներ նախատեսողօրինագիծը:
Թրամփի կողմից օրինագծի ստորագրման հնարավորությունը շատ բարձր է գնահատվում, քանի որ այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված պատժամիջոցներին: Մյուս կողմից, սակայն, Թրամփը պետք է ծանր ընտրություն կատարի`հաշվի առնելով «ռուսամետ լինելու համար» իր դեմ առաջադրված մեղադրանքները, ինչպես նաև Եվրոպայի հակազդեցությունը հակառուսական պատժամիջոցներին: