Հայաստանն ու Իսրայելն առաջիկայում կկարողանան լայնածավալ համագործակցություն եզրեր գտնել տարբեր ոլորտներում: Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան, Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի և Իսրայելի անկախության 69–ամյակին նվիրված երեկոյի ընթացքում ասաց Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյախու Իերուշալմինը։
«Պարոն Հանեգբիի այցը ձեր հիանալի երկիր, նրա հանդիպումները Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրությունը կարևոր քայլ են երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։ Մանավանդ այսօր, երբ մենք նշում ենք մեր պետությունների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակը», – ասաց դեսպանը։
Իերուշալմինի խոսքով` նա ու իր տիկինը սիրահարվել են գեղեցիկ Հայաստան երկրին, որտեղ հիանալի ժողովուրդ է ապրում։ Դեսպանը խոստացել է առավելագույն ջանք գործադրել երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների ամրացման համար։